Դեսպանների հետ հանդիպում ՀՀ ԱԳՆ–ում. քննարկվել է նաև Արցախի գազամատակարման հարցը

ՀՀ ԱԳՆ
Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հանդիպումներ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումների ընթացքում օտարերկրյա դիվանագետներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Արցախի բնակչության նկատմամբ այլ հոգեբանական ճնշումների գործադրումը։
Հումանիտար ճգնաժամի կանխման համատեքստում ընդգծվել է միջազգային հանրության համաչափ և հստակ արձագանքի կարևորությունը։
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնցում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։