ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուրախ է, որ հանրային սննդի վայրերում աղամանների ազատ կիրառությունն արգելող օրենքի նախագիծը հանրային լայն քննարկման է արժանացել։
Այս մասին Ավանեսյանն ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով աղմկահարույց նախագծին։
«Շատ կարևոր է քաղաքացիների վարքաբանական փոփոխությունների համար, որ այն լայն շրջնառվեց։ Մեր նպատակը առողջ ապրելակերպի, առողջ սովորությունների խթանումն է»,– ասաց նա։
Ըստ նախարարի` այս արշավի շնորհիվ ՀՀ քաղաքացիներից շատերը տեղեկացել են Հայաստանում աղի գերօգտագործման խնդրի առկայության ու դրա արդյունքում հնարավոր առողջական խնդիրների մասին։
Ինչ վերաբերում է նախագծին` նախարարը հիշեցրեց, որ այն դեռ քննարկման փուլում է։
«Մենք առաջիկայում հանդիպումնր կունենանք թե՛ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների, թե՛ հանրային առողջության կազմակերպությունների հետ, և կփորձենք նախագիծը քննարկել, ավելի լավ լուծումներ գտնել, լրացնել, մշակել և այնուհետև ներկայացնել արդեն կառավարությանը» ,– ասաց Ավանեսյանը` հավելելով, որ դրան զուգահեռ ԱՀ–ն շարունակելու է աղի օգտագործման չափաքանակի սահմանափակման իրազեկող ծրագրեր իրականացնել։
Նշենք, որ այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հրավիրված հանդիպմանը պատախանելով ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին, թե արդյոք օրինագծի համար նախարարությունը որևէ դրամաշնորհ է ստացել, Ավանեսյանը պատասխանեց. «Հավելյալ միջոցների, գրանտների մասին խոսելն անգամ ծիծաղելի է»։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացումներ կատարել։ Ըստ նախագծի` հանրային սննդի օբյեկտներում սեղանների վրա կարգելվի աղաման դնելն առանց սպառողի պահանջի, հակառակ դեպքում տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:
Հետազոտությունները վկայում են, որ աղի չարաշահումը նպաստում է սրտանոթային համակարգի հիվանդությունների և ինսուլտների առաջացման ռիսկի բարձրացմանը: