ՌԱԴԻՈ

Ադրբեջանի կետերից ակնհայտ է՝ նպատակն է, որ ՀՀ-ն ճանաչի Արցախն Ադրբեջանի կազմում․ քաղաքագետ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է այսպես կոչված խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի առաջ շած 5 կետանոց առաջարկին։
Sputnik
Ադրբեջանի առաջարկներից ստացվում է՝ Հայաստանը պարտավորվում է ոչ միայն ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, այլև թույլ չտալ, որ իր տարածքում լինի որևէ գործողություն, որն ուղղված կլինի Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելուն։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ–ի հրապարակած 5 սկզբունքների մասին խոսելով` այս մասին ասաց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ «ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքները» նշանակում են, որ, օրինակ, Ադրբեջանը պատրաստ կլինի քննարկել ԵԽ համապատասխան կոնվենցիաներով ազգային փոքրամասնությանը որոշ իրավունքների տրամադրում․ կրթության իրավունք սեփական լեզվով, հայերենով ռադիո կամ հեռուստահաղորդումներ։
Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ–ի առաջադրած պահանջներում ոչ միայն տարածքային ամբողջականության ճանաչման մասին է խոսվում, այլև միմյանց հանդեպ տարածքային պահանջներից կամ պետական սահմանների նկատմամբ սպառնալից գործողություններից հրաժարվելու։
Պողոսյանի կարծիքով` սա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն ճանաչելու է Արցախն Ադրբեջանի կազմում, այլև ՀՀ պետական և իրավական համակարգը պարտավորվելու է պայքարել այն բոլոր անձանց և կազմակերպությունների դեմ, ովքեր կհայտարարեն, որ Արցախն Ադրբեջանի մաս չէ։
Ադրբեջանը ՀՀ–ին հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ է արել. Բայրամով
Հարցին՝ այս կետերը նշանակո՞ւմ են, որ ադրբեջանական զորքը պետք է դուրս գա ՀՀ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի գրաված տարածքներից, քաղաքագետը պատասխանեց, որ Ադրբեջանի դիրքորոշման համապատասխան՝ քանի դեռ չկա սահմանագծում և սահմանազատում, որևէ մեկը չի կարող պնդել, որ ադրբեջանական զորքը Հայաստանի տարածքում է, իսկ սահմանազատումն ու սահմանագծումը, քաղաքագետի կարծիքով, այնպիսի խնդիրներ են, որոնք երկար ժամանակ են պահանջում նույնիսկ երկու բարեկամական հարաբերություններ ունեցող պետությունների միջև, բացի այդ՝ դրանց հետևանքով որոշ փոփոխություններ են հնարավոր։
«Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը չի պնդի, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում սահմանների դեմարկացիան չանցնի այն տարածքներով, որտեղ հիմա տեղակայված են իրենց զորքերը։ Ադրբեջանն առնվազն չի հայտարարում պատրաստակամություն դուրս բերելու իր զորքը այդ տարածքներից, այլ ասում է` եկեք զբաղվենք դելիմիտացիայով և դեմարկացիայով, ինչը տարիների պրոցես է, և չկա որևէ երաշխիք, որ դրանց հետևանքով այդ տարածքները չեն մնա Ադրբեջանի կազմում, կամ առնվազն Ադրբեջանը չի փորձի հասնել դրանց»,-մանրամասնեց քաղաքագետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք է նշել: Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցությունների, եթե պաշտոնական Երևանն ընդունի այս 5 կետը։