ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր նախագահական նստավայրում տիկնոջ՝ Անահիտ Մինասյանի հետ հյուրընկալել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին, հայտնում են նախագահականից:
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ հաջողություններ մաղթելով այդ պատասխանատու գործում: «Վարչապետը նշել է, որ Խաչատուրյանը պաշտոնը ստանձնել է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում՝ համոզմունք հայտնելով, որ նա իր հարուստ կենսափորձը կծառայեցնի ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի»,–ասված է հաղորդագրության մեջ:
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ գիտակցում է այն մեծ պատասխանատվությունը, որը ստանձնել է Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում: Նա հավաստիացրել է, որ հանրապետության նախագահի ինստիտուտը շարունակելու է ծառայել համազգային խնդիրների լուծմանը՝ ընդգծելով, որ իր գործունեությունն ուղղված է լինելու ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի:
Նշենք, որ այսօր Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ՀՀ 5–րդ նախագահի երդմնակալության արարողությունը։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։