Տեսականորեն հնարավոր է, որ գա որևէ մեկը, որը կհրաժարվի Սուրբ գրքի վրա երդվել, բայց չեմ կարծում, որ նորընտիր նախագահը հրաժարվի ձեռքը դնել սուրբ գրքի վրա, որովհետև դա կլինի իր քաղաքական կարիերայի վախճանը, դեռ պաշտոնը չստանձնած նա կդառնա ժողովրդի արհամարհանքի առարկան։ Այսպես է կարծում սահմանադրագետ Վարդան Այվազյանը, որի հետ Sputnik Արմենիայի եթերում խոսել ենք ՀՀ նորընտրի նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողության մասին։
Ըստ Այվազյանի՝ արարողակարգն իրավական ամրագրում չունի, Սահմանադրությունն ամրագրում է նախագահի ընտրության կարգը, ժամկետները, երդմնակալության ժամկետը և նախագահի երդման տեքստը, մնացած բոլոր հարցերն արարողակարգային են և առավելապես սահմանադրական սովորույթով են կարգավորվում։
«Մատենադարանից բերվում է Սուրբ գիրքը, սահմանադրական դատարանից էլ բերվում է Սահմանադրության տեքստը, և նախագահը, ձեռքը դնելով այդ երկու գրքերի վրա, արտասանում է իր երդման տեքստը»,-մանրամասնեց սահմանադրագետը։
Այվազյանի խոսքով՝ սահմանադրական սովորույթները ձևավորվում են ժամանակի ընթացքում ինչպես ժողովրդի, այնպես էլ պետական իշխանության մարմինների խելամտության կանխավարկածով։ Հարցին՝ եթե արարողակարգն օրենքով ամրագրված չէ, ի՞նչ կլինի, եթե ընտրված որևէ նախագահ հրաժարվի երդվել Սուրբ գրքի վրա, Այվազյանը պատասխանեց՝ տեսականորեն չի բացառվում, որ նման դեպք լինի, բայց չի կարծում, որ լինի մի նախագահ, որն ասի`ես չեմ ուզում Սուրբ գրքի վրա երդվել։
Այնուամենայնիվ, սահմանադրագետի կարծիքով, իմաստ չունի արարողակարգին սահմանադրական ամրագրում տալ, և ամենևին նախագահի՝ իր լիազորությունների իրականացման արդյունավետությունը պետք չէ կախվածության մեջ դնել հենց երդվելու հանգամանքից
«Պատկերացրեք՝ կարող է լինել նաև տարբերակ, երբ լինի ստահակ, որը շատ լավ էլ ձեռքը դնի Սուրբ գրքի վրա, սրբապիղծ կերպով երդվի, բայց իր լիազորություններն իրականացնելիս գործի պետության և ժողովրդի շահերին հակառակ»,-հավելեց Այվազյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԺ–ն Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրեց մարտի 3-ին։ Ըստ Սահմանադրության` նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց ԱԺ հատուկ նիստում։