ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ի այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Հանրապետության Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է «Խոջալուի և Տերտերի ուղղություններով ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին»:
Հակառակորդի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 12-ին ՝ ժամը 18:15-ից մինչև 02:20-ը, «տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, հայկական կողմը կրակ է վարել արբեջանական դիրքերի ուղղությամբ»։