ՌԴ-Ուկրաինա բանակցությունների չորրորդ փուլը նախատեսվում է անցկացնել վաղը. Պեսկով

Դմիտրի Պեսկովը. Արխիվային լուսանկար
Ամենայն հավանականությամբ, չորրորդ փուլը, ինչպես և առաջին երեքը, տեղի կունենա Բելառուսում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի - Sputnik. Ռուս-ուկրաինական բանակցությունների չորրորդ փուլը պլանավորվում է անցկացնել վաղը` մարտի 14–ին, ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։
Այսօր Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար, ռուս-ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, մեկնաբանելով դրանց ընթացքը, հայտարարել էր, որ առկա է զգալի առաջընթաց: Նրա խոսքով ՝ այս ամենը կարող է վերաճել կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։