ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ չէ հանդիպել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, մամուլի ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով` Պուտինն այդ մասին հեռախոսազրույցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանին։
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մարտի 6-ին Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում, առաջնորդների (ՌԴ–ի և Ուկրաինայի) հանդիպումը կազմակերպելու համար։ Փորձում էինք դա անել դեռ պատերազմից առաջ։ Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է, որ սկզբունքորեն դեմ չէ նման հանդիպմանը... Ուկրաինական կողմը պատրաստ է։ Կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում Բելառուսում։ Մյուս կողմից, նաև այլ ալիքներով են ջանքեր գործադրվում, որոնց մենք ևս աջակցում ենք», – ասել է Չավուշօղլուն։
Բացի այդ, նախարարը նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև որոշ հարցերում Անկարան դիրքորոշումների համընկնում է նկատում։
«Որոշ հարցերում փոխըմբռնում կա, ինչի մասին խոսում էր ՌԴ առաջնորդը։ Մենք դա ևս նկատում ենք։ Բայց նախևառաջ պետք է հասնել հրադադարի կայացմանը», – նշել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։