ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Միջազգային հարցերով պետդումայի կոմիտեի ղեկավար, ռուս–ուկրաինական բանակցություններում ՌԴ պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին RT հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի հետ երկխոսությունում առաջընթացը կարող է կողմերի միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման հանգեցնել։
«Իմ անձնական ակնկալիքներով այդ գործընթացը կարող է ամենամոտ օրերին երկու պատվիրակությունների միասնական դիրքորոշման և փաստաթղթերի ստորագրման վերածվել», – հայտարարել է քաղաքական գործիչը։
Նա ընդգծել է, որ ռուսական և ուկրաինական կողմերի դիրքորոշումները բանակցությունների սկզբում և այսօր համեմատելիս կարելի է էական առաջընթաց նկատել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։
Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում եռակողմ հանդիպում ունեցան Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները։ Հանդիպման ավարտին արված երկկողմ հայտարարություններից պարզ դարձավ, որ կողմերը հրադադար հաստատելու շուրջ համաձայնության չեն եկել։