Իրանի ԻՀՊԿ–ն հայտարարել է, որ Էրբիլում իրենց հրթիռների թիրախը «Մոսադի» օբյեկտներն էին

Իրաք. Արխիվային լուսանկար
Իրաքյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ Իրաքի Էրբիլ քաղաքի ԱՄՆ ռազմաբազային և հյուպատոսությանը հրթիռային հարված է հասցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Էրբիլում իրենց հրթիռների թիրախը «Մոսադի» օբյեկտներն էին։ Այս մասին Tansim գործակալության փոխանցմամբ հայտարարել է ԻՀՊԿ–ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ իրաքյան ԶԼՄ–ները հայտնել էին, որ կիրակի առավոտյան Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլ քաղաքում ԱՄՆ ռազմաբազային և հյուպատոսությանը հրթիռային հարված է հասցվել։ Ավելի ուշ ԶԼՄ–ները հաղորդագրություն հրապարակեցին այն մասին, որ հարվածի հետևանքով ոչնչացվել է «Մոսադ» իսրայելական հատուկ ծառայության երկու ուսումնական կենտրոն։
«Այս գիշեր Իսրայելի ռազմավարական կենտրոնն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմի արձակած հզոր հրթիռների թիրախ դարձավ», – ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ–ը վստահեցրել է նաև, որ Իսլամական Հանրապետության անվտանգությունը կարմիր գիծ է իրանական ԶՈւ–ի համար։