ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Բոլոր նախադրյալները կան Լեռնային Ղարաբաղում լուրջ էսկալացիան կանխելու համար։ Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում այսօր ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Բոլոր հնարավորությունները կան խնդիրները լուծելու խաղաղ, երկխոսության ճանապարհով։ Ռուսաստանը դրա համար կանի ամեն ինչ։ Ռուսական կողմն ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կաջակցի, որ սկսված կարգավորման գործընթացները շարունակվեն», - ասել է նա։
Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Արցախի բնակավայրերը, նաև թույլ չի տալիս իրականացնել Հայաստանից գնացող գազատարի վերանորոգումը։
Կոպիրկինը խոսել է նաև նոր սահմանափակումներից, որոնք գործարկվել են Ռուսաստանի դեմ Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով։
«Դրանք բավականին լուրջ են, բայց Ռուսաստանի դեմ առաջին պատժամիջոցները չեն, և մենք կփորձենք օգտագործել այդ մարտահրավերը՝ ավելի ուժեղ դառնալու համար»։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 18–րդ օրը։