ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ընդունած որոշման հետևանքով Հայաստանը ցորենի ապահովման խնդիր չի ունենա և առանց հացահատիկի պահանջված քանակի չի մնա. այսպես են կարծում են փորձագետները: Ավելին, անհրաժեշտության դեպքում երկիրը միշտ կարող է համալրել պաշարները՝ դիմելով Ռուսաստանի անհրաժեշտ կառույցներին։
Ավելի վաղ ՌԴ-ում հավանություն էին տվել գյուղատնտեսության նախարարության առաջարկին՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը ժամանակավորապես արգելել հացահատիկային մշակաբույսերի արտահանումը ԵԱՏՄ երկրներ: Այս արգելքը գործելու է ցորենի և մեսլինի (ցորենի ու տարեկանի խառնուրդ` սովորաբար երկուսը մեկի համամասնությամբ), տարեկանի, գարու և եգիպտացորենի համար։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ ԵԱՏՄ երկրներն ընթացիկ սեզոնին արդեն ձեռք են բերել իրենց անհրաժեշտ հացահատիկի ծավալները՝ առանց մաքսատուրքի ռեժիմի: Նույնատիպ որոշում է կայացրել նաև Բելառուսը։
Ինչպե՞ս ստանալ թույլտվություն
ՌԴ գյուղնախարարությունը պարզաբանել է, որ որոշումն ուղղված է երկրի պարենային անվտանգության ապահովմանը և ընթացիկ պայմաններում ներքին շուկայի պաշտպանությանը։ Բացի այդ, այս քայլով ռուսական ղեկավարությունը փորձում է թույլ չտալ գյուղմթերքի հոսքը ԵԱՏՄ երկրների տարածքով դեպի երրորդ երկրներ։
Բանն այն է, որ ԵԱՏՄ երկրները ՌԴ-ից հացահատիկ են գնում ներքին շուկայի գներով՝ առանց տուրքի։ Ռուսաստանում կարծում են, որ ընթացիկ պայմաններում կարող է երկրորդային շուկաներ հացահատիկի «արտահոսքի» վտանգ լինել։ Բայց միևնույն ժամանակ, ռուսական գերատեսչությունն արտահանման հնարավորություն է տվել միության երկրների ներկրողներին։
Դրա համար ներմուծողները պետք է լիցենզիա ստանան՝ դիմելով ՌԴ Առևտրի և արդյունաբերության նախարարություն։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ արտոնագիր կարող է ստանալ Ռուսաստանում համապատասխան քվոտա ունեցող ներմուծողը։ Հայաստանի դեպքում խնդիր է առաջ գալիս, քանի որ հայ ներկրողները վերջին տարիներին ցորենը գնել են նույն կանոնակարգով, ինչ ռուսները։
«Մոդուս Գրանում» ընկերության (Հայաստանի երկրորդ ամենախոշոր հացահատիկ ներմուծող) ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մեր երկիրը առանց ցորենի և հացահատիկի չի թողնի:
«Արտոնագիր ստանալու երկու տարբերակ կա․կա՛մ Ռուսաստանը կտրամադրի այն Հայաստանին, որպեսզի ներկրողները ցորեն բերելու իրավունք ունենան, կա՛մ արդեն հենց ՌԴ գերատեսչությունն ուղղակիորեն կտրամադրի դրանք ներկրողներին»,-ասաց Նիկողոսյանը։
Նա կոչ արեց սպասել պաշտոնական տեղեկությանը՝ հասկանալու համար, թե ինչպես շարունակել գործել։ Նիկողոսյանը ենթադրում է, որ հարցը կլուծվի իշխանությունների մակարդակով։
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանը ևս կարծում է, որ ստեղծված իրավիճակը չի բերի Հայաստանում հացահատիկի պաշարների զգալի կրճատման։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Հովսեփյանը նշեց, որ կարճաժամկետ հեռանկարում տեղական շուկայում հացահատիկի դեֆիցիտ չի լինի։
«Ռուսաստանում արդեն հայտարարել են, որ 150 տոկոսով ապահովված են հացահատիկով։ Անհրաժեշտության դեպքում ԵԱՏՄ երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կարող են մեր երկիր ցորենի արտահանման արտոնագիր ստանալ»,-ասաց Հովսեփյանը։
Ներկայումս Հայաստանում հացահատիկի ինքնապահովումը բավականին ցածր է, երկիրը տարեկան սպառում է 500-ից մինչև 550 հազար տոննա հացահատիկ, որից մոտ 300 հազար տոննան ներկրվում է ՌԴ-ից:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ցորենի տարեկան պահանջարկը կազմում է 450 հազար տոննա։ Այն ներկրվում է հիմնականում Ռուսաստանից (99%-ը, 2020 թվականի տվյալներով՝ խմբ.), որոշ մասը՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից։ 2021 թվականին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանում հացահատիկի արտադրությունը նվազել է 38 տոկոսով՝ արտադրվել է 149,6 հազար տոննա հացահատիկ։ Նույն 2021 թվականին Հայաստան ներկրվել է 458,7 հազար տոննա պարենային հացահատիկ, որից ցորեն՝ 349,8 հազար տոննա։
Գնաճ կլինի՞
Հիմա դժվար էկանխատեսել, թե որքան կարող են աճել ցորենի գները։ Սակայն մասնագետները համակարծիք են` գնաճ կլինի։ Պարենային անվտանգության փորձագետ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Ավետիսյանը պարենային անվտանգության մասով իրավիճակը դժվարին է անվանում։
Ինչ վերաբերում է հացահատիկի գների փոփոխությանը, Ավետիսյանը նշեց, որ դրանց վրա ազդում են ազգային արժույթի տատանումները, լոգիստիկայի ծախսերը:
Իր հերթին ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում նշեց, որ Հայաստանը պետք է բարձրացնի իր ինքնապահովումը պարենային անվտանգության մասով։
«Բացի այդ, մենք նաև լոգիստիկայի խնդիրներ ունենք, Լարսը պարբերաբար փակվում է։ Ուստի մենք պետք է սեփական ցորենն ունենանք»,-ասաց նա։
Ցորեն աճեցնելը ձեռնտու չէ ֆերմերներին, իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես բարձրացնել դրա նկատմամբ հետաքրքրությունը։ Ընթացիկ իրավիճակը կրկին ցույց է տալիս նման քայլերի կարևորությունը, դրա անհրաժեշտությունն ավելի է զգացվում նման ֆորսմաժորային իրավիճակների դեպքում։ Հարությունյանը նշեց, որ հիմա Հայաստանում աշնանացանի ապահովվածության հետ կապված խնդիրներ կան, խնդիրներ կան նաև գարնանացանի հետ կապված:
Նա իշխանություններին առաջարկում է մոբիլիզացնել ուժերը և պետական մակարդակով օպերատիվ որոշումներ կայացնել՝ երկիրը հացահատիկով ապահովելու համար։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է բախվել անասնակերի և կոմբիկերի պակասին։