Արագ, բայց խիստ փող. Հայաստանում թույլատրվել են քրաուդֆանդինգով ներդրումները

Sputnik
Ամեն տարի աշխարհի հազարավոր ստարտափներ ներդրումներ են ներգրավում առցանց` քրաուդֆանդինգի ձևով, ավելի արագ և հեշտ, քան դասական բորսաներում։ Հայաստանում ևս թույլատրվել է բացել այդպիսի էլեկտրոնային հարթակներ, որտեղ ստարտափներում ներդրում կկարողանան կատարել անգամ անհատները։ Սակայն այս ամենը կկատարվի անվտանգության խիստ պահպանմամբ։
Շուրջ մեկ ամիս առաջ Կենտրոնական բանկը Հայաստանում քրաուդֆանդինգի կազմակերպման մասին կանոնակարգ հրապարակեց։ Այժմ տեղական (և ոչ միայն) նորաստեղծ ընկերությունները կկարողանան պարզեցված կարգով, առցանց գումարներ ներգրավել ՀՀ դրամով ։ Այս ներդրումները լիովին պաշտպանված կլինեն ազգային օրենսդրությամբ։ Մանրամասները Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացնում է ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյանը։
ԿԲ Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության Արժեթղթերի շուկայի կարգավորման բաժնի պետ Վիգեն Շահնազարյան
Ինչ է քրաուդֆանդինգը
Քրաուդֆանդինգով սկզբնական ներդրումներ են ներգրավում աշխարհի հազարավոր ստարտափներ ՏՏ ոլորտում, բայց ոչ միայն։ Ենթադրենք, դուք ունեք նոր ինժեներական նախագիծ (հուսանք` Հայաստանում այս ոլորտը նորից կսկսի զարգանալ), ներդրումներ են պետք, բայց ձեզ ոչ ոք չի ճանաչում և չի վստահում («այ, հյուրանոց բացեիր, էդ ուրիշ բան, թե չէ ինժեներություն, էդ որն ա»... և այլն)։
Այդ դեպքում հատուկ էլեկտրոնային հարթակով դուք կարող եք ներկայացնել ձեր տեխնոլոգիայի նմուշները, նկարագրել, թե ինչ շուկաներում դրանք կարող են վաճառվել (և ինչու եք ակնկալում, որ կվաճառվեն)։ Այս դեպքում ներդրողները կարող են լինել ոչ միայն ֆինանսական կառույցներ կամ խոշոր բիզնեսներ, այլև անհատներ (անգամ մի քանի հազար դրամ ներդնելով) ։
Ինչպես և ցանկացած ներդրում, այդ գումարը նվեր չէ. դուք պետք է ձեր ներդրողներին ներկայացնեք ֆինանսական հաշվետվություններ և նրանց վճարեք շահաբաժիններ։
Վերջին մի քանի տարում մի քանի հայկական ստարտափներ հաջողությամբ գումարներ են ներգրավել Kickstarter-ով, Indiegogo-ով և աշխարհի այլ հարթակներով, Հայաստանում էլ հիմնվել և միջազգային մակարդակի է դուրս եկել քրաուդֆանդինգի կազմակերպման (crowdfunding campaign) ծառայություններ մատուցող խոշոր ընկերություն։ Սակայն մինչև վերջերս քրաուդֆանդինգը կանոնակարգված չէր Հայաստանի ներսում։
Ով կարող է ներդրում ներգրավել, ով` ներդնել
Քրաուդֆանդինգով ներդրումներ կկարողանա ներգրավել ոչ միայն ՏՏ, այլև ցանկացած ոլորտի ընկերություն։ Իսկ ներդրումներ կարող է կատարել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ` Հայաստանի ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ։
Հարցին, թե արդյոք Հայաստանի հարթակները կարող են այլընտրանք դառնալ ռուսական ստարտափների համար, Շահնազարյանը նշեց, որ այս պահին հայտնի չէ քրաուդֆանդինգային հարթակների դեմ հայտարարված որևէ պատժամիջոցների մասին։

«Բայց տեսականորեն կարելի է ենթադրել, որ այն թողարկողները, որոնք զրկվել են իրենց երկրում կամ այլ քրաուդֆանդինգի հարթակներից օգտվելու հնարավորություններից, կարող են փորձել ներդրումներ ներգրավել մեր երկրի հարթակների միջոցով», – հավելեց նա։

Ցուցակվող ընկերությունը կարող է լինել նաև ոչ ռեզիդենտ, սակայն բոլոր ներդրումները պիտի ներգրավվեն բացառապես հայկական դրամով։ Հարցին, թե կենսաթոշակային ֆոնդերը կարող են ներդրումներ կատարել այս հարթակներով, Շահնազարյանը պարզաբանեց, որ ֆոնդերն ունեն խիստ ներդրումային սահմանափակումներ, որոնք այդպիսի գործարքներ թույլ չեն տալիս)։ Սակայն եթե այդ ստարտափները խոշորանալով դուրս գան դասական բորսա, նրանք կկարողանան ներդրումներ գրավել նաև կենսաթոշակային ֆոնդերից։
Քրաուդֆանդինգով ներդրումների համար, ինչպես նշեցինք, կգործեն հատուկ հարթակներ, որոնց կազմակերպիչները պետք է Կենտրոնական բանկին ներկայացնեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում` ներդրումային ընկերությունների համար սահմանված ստանդարտ պայմաններ՝ գործարար ծրագիր, նվազագույն կապիտալ, ղեկավարների գրանցում, ներքին ընթացակարգեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության խիստ պահանջներ։
Քրաուդֆանդինգով հնարավոր կլինի ներգրավել տարեկան մինչև 2,5 միլիարդ դրամի (այսինքն` մոտ 5 միլիոն դոլարի) ներդրում։ Այդ թիվը որոշվել է ըստ միջազգային փորձի և մասնավոր հատվածի հետ քննարկումների։ Ավելի խոշոր ներդրումների համար անհրաժեշտ կլինի գնալ դասական ֆոնդային բորսա։
«Շան բախտ» կամ ինչպես ստարտափը մեկ միլիոն դոլար հավաքեց հայերի շնորհիվ
Ինչպես կպաշտպանվի ներդրված գումարը
Իրավական տեսակետից, եթե դուք քրաուդֆանդինգով գումար եք ներդնում կամ դասական ձևով արժեթուղթ գնում, իրավական պաշտպանվածությունը նույնն է. ձեր ձեռք բերած արժեթուղթը հաշվառվում է ձեր արժեթղթերի հաշվում՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում (մասնագիտացված կառույց, որը վարում է արժեթղթերի հաշիվներ և արժեթղթերի սեփականատերերի ռեեստր) կամ այլ պահառուի մոտ (բանկ կամ ներդրումային ընկերություն)։ «Այստեղից հնարավոր կլինի ստանալ հաշվի քաղվածք, որը հավաստում է արժեթղթի նկատմամբ սեփականությունը», – նշում է Շահնազարյանը։
Սրա հետ մեկտեղ քրաուդֆանդինգի միջոցով ներդրումների ներգրավումը ավելի թեթև կլինի, քան դասական ձևով արժեթղթերի հրապարակային առաջարկը (այլապես այն ուղղակի կկորցներ իր իմաստը)։ Ինչպես և դասական հրապարակային առաջարկի դեպքում, այստեղ էլ ընկերությունը պիտի հրապարակի տեղեկատվություն (որտեղ գրված կլինի, թե ովքեր են ընկերության սեփականատերերը, ինչ նախագիծ է ֆինանսավորվելու, ինչպես են ուզում շահույթ ապահովել և ինչ ռիսկեր ունեն)։ Սակայն քրաուդֆանդինգի դեպքում այդ տեղեկատվությունը լինելու է շատ ավելի համառոտ, իսկ կցվող ֆինանսական հաշվետվությունները պարտադիր չի լինի ենթարկել աուդիտի։
Անվտանգություն
Քրաուդֆանդինգի հարթակների օպերատորները, ինչպես Հայաստանի բոլոր մյուս ֆինանսական կազմակերպությունները, գտնվում են ԿԲ–ի` փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ամբողջական կարգավորման ներքո։ Նախքան որևէ ընկերությանը հարթակում ներդրում ներգրավելու թույլտվություն տալը օպերատորը պետք է համոզվի, որ այդ ընկերության ղեկավարները դատված են, թե ոչ։ Ներդրողներն էլ պիտի գրանցվեն հարթակներում և անցնեն նույնականացում։
«Հանկարծ մեկը թույլ ձայնով շարունակեց երգը». հայերի նոր սարքը հաշմանդամներին կօգնի քայլել