ԵՐԵՎԱՆ, 13 մարտի– Sputnik. Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես արդեն ՀՀ հինգերորդ նախագահն է։ Նա երդվեց ՀՀ սահմանադրության և Սուրբ գրքի վրա, Երևանի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Երդվում եմ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում», - իր խոսքում ասաց նախագահը։
Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը
© Sputnik / Asatur Yesayants
Նախագահի երդումից հետո խոսեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Իր խոսքում կաթողիկոսն ասաց, որ այսօր երերուն է խաղաղությունը Հայաստանի և Արցախի համար, և խնդիրները լուծելու համար ազգային միասնություն է պետք։
«Պետք է վերականգնել ներհասարակական միասնությունը։ Խռովածություն կա ոչ միայն Հայաստանում, այլ նաև սփյուռքում», - ասաց կաթողիկոսը։
Ապա կաթողիկոսը հրավիրեց բոլորին միասնական աղոթքի։
Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել մարտի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի իշխող խմբակցության 71 պատգամավորների միաձայն քվեարկությամբ։
Վահագն Խաչատուրյանը 90-ականներից ի վեր համարվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոնի» փոխնախագահն է: Խաչատուրյանը 2006թ.-ին ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019- 2021 թթ. եղել է «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2021թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։
ՀՀ գործող Սահմանադրությունը նախատեսում է, որ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ: