Զելենսկին Իսրայելի վարչապետին առաջարկել է ՌԴ–ի հետ բանակցությունները Երուսաղեմում անել

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Իսրայելը կարող է դառնալ անվտանգության երաշխավորներից մեկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին առաջարկել է Ռուսաստանի հետ բանակցությունները կազմակերպել Երուսաղեմում։ Այս մասին Զելենսկին հայտնել է արտասահմանյան լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա կարծում է, որ Իսրայելի վարչապետը կարող է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում կարևոր դեր խաղալ և հրեական պետությունն էլ կարող է անվտանգության երաշխավորներից մեկը լինել։
Զելենսկու խոսքով` ուկրաինական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների։ Նա հույս ունի, որ խաղաղ գործընթացը կսկսվի գործանականում և ոչ թե բառերով։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ռուս և ուկրաինացի բանակցողները սկսել են հստակ թեմաներ քննարկել և ոչ թե վերջնագրերով փոխանակվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։