Խոստումնալից էր. Տոյվո Կլաարը` Միրզոյանի և Չավուշօղլուի հանդիպման մասին

Կլաարն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոստումնալից է անվանել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Նա նման գրառում արել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Անթալիայում կայացած դիվանագիտական համաժողովում Միրզոյանի ու Չավուշօղլուի հանդիպումը խոստումնալից էր։ Լիովին աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը»,– նշել է Կլաարը։
Հիշեցնենք, որ Անթալիայում այսօր տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը, որը տևեց շուրջ 30 րոպե։
Մևլութ Չավուշօղլուն Միրզոյանի հետ բանակցությունները կառուցողական և չափազանց արդյունավետ անվանեց, իսկ Միրզոյանն իր հերթին գոհունակություն հայտնեց, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդներն ու պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում։ Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում դրական արդյունքներ կտեսնենք։