Ձյուն է, 0 աստիճան ցուրտ. Բեգլարյանը գրել է վթարի և Արցախում 5 օր գազ չունենալու մասին

Բեգլարյանը նշել է, որ Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցավոր արարքները և հայաթափել Արցախը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արցախում գազատարն արդեն 5 օր է` շարունակում է վթարված մնալ, և երկրի ընդհանուր բնակչության 80 տոկոսն ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից։
Այս մասին Telegram–ի իր ալիքում գրառում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Արցախում ձյուն է տեղում օդի ջերմաստիճանն էլ 0°C։ Արդեն 5-րդ օրն է` շուրջ 100 հազար բնակիչ (ընդհանուր բնակչության 80 տոկոսը և գազիֆիկացված բնակչության 100 %–ը) ամբողջությամբ զրկված է գազամատակարարումից, ջեռուցումից, տաք ջրից։ Եվ այդ զրկանքների պատճառն ադրբեջանական կողմի անսանձ պահվածքն է, որը թույլ չի տալիս ռուս խաղաղապահներին և մեր մասնագետներին մոտենալ Հայաստանի միակ խողովակաշարին և վերանորոգել այն»,– նշել է Բեգլարյանը։
Նա հավելել է, որ խողովակաշարի պայթած հատվածը գտնվում է ադրբեջանական կողմի հսկողության տակ։
Բեգլարյանն ընդգծել է` դրան զուգահեռ շարունակվում են խոշոր և փոքր տրամաչափի զենքերից կրակոցները քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ խոչընդոտելով գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը։
Ադրբեջանը գիշերն Արցախի գյուղերի վրա կրակելուց հետո կրկին ապատեղեկատվություն է տարածել
«Եզրակացությունը մեկն է. Ադրբեջանը ցանկանում է շարունակել մարդկության դեմ իր հանցավոր արարքները և հայաթափել Արցախը, իսկ մենք ամուր կանգնած ենք մեր հինավուրց հայրենիքում, և ոչ մի զրկանք չի սասանի մեր կամքը»,– գրել է Արցախի պետնախարարը:
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունից Արցախ գնացող գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի հսկողության տակ։
«Արցախգազ» ՓԲԸ-ի մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնցում ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։