ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Արարատի մարզի Այգավան գյուղի գերեզմանատան մոտ մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում նույն գյուղի 15–ամյա բնակիչը դանակահարել է 2 երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Բժշկական հաստատությունից մարտի 11-ին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ կտրած–ծակած վերքերով 2 երիտասարդ են տեղափոխվել` 17 և 19 տարեկան։
Ոստիկանությունը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 14։30–ի սահմաններում։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 15-ամյա տղան հայտնաբերվել է, բերման ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: