ՌԱԴԻՈ

Ժողովրդավարության մասին խոսելն անհեթեթություն է. Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։
Sputnik
ՀՀ–ին ժողովրդավարական բարձր գնահատական տված կազմակերպությունը կամ հեղինակավոր չէ և հենց այնպես կազմում է սանդղակներ, կամ զբաղվում է քաղաքականությամբ, ինչը ենթադրում է, որ Հայաստանին այսօր պետք է սիրաշահել ու համարել ժողովրդավարական երկիր` նրա ղեկավարությանն օգտագործելով սեփական շահերի համար, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նրա դիտարկմամբ` հաշվի առնելով հենց միայն այն հանգամանքը, որ Հայաստանում չկա իշխանության թևերի հստակ տարանջատում, ժողովրդավարության մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է։ Նրա խոսքով`ժամանակակից ժողովրդավորությունն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններից զատ ենթադրում է իրավական պետության առկայություն, որտեղ իշխանում է օրենքի գերակայությունը, և դատական համակարգը կախված չէ գործադիր իշխանությունից։
«Պակաս կարևոր չէ մարդու իրավունքների պաշտպանության հարցը, և այդ տեսակետից Հայաստանում իրավական պետություն հասկացությունը ջախջախվել է մինչև վերջ, քննչական մարմիններն ու դատախազությունը հլու–հնազանդ ենթարկվում են գործադիր իշխանությանը, իսկ դատարանները կազմաքանդվում են ու քայքայվում, անկախ դատավորների նկատմամբ իրականացվում են տարատեսակ վարույթներ` ընդհուպ մինչև կալանավորում, էլ չենք խոսում Սահմանադրական դատարանի ջախջախման մասին»,– ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի կարծիքով` եթե ցանկացած երկրում չկա իրավական անկախ համակարգ, ապա ընտրությունների արդյունքները լիովին կանխատեսելի են, իշխող ուժը ստանում է քվեների 90 տոկոսը, նման արդյունք Հայաստանում գրանցվեց անցյալ տարի կայացած ընտրություններից հետո, մինչդեռ լիարժեք ժողովրդավարական երկրներում, երբ իշխանությունը հավաքում է ձայների 40-45 տոկոսը, ապա դա համարվում է մեծ հաջողություն։
«Հայաստանում մարդու իրավունքները այսպիսի զանգվածային մասշտաբներով չեն ոտնահարվել նույնիսկ 1990–ական թվականների մղձավանջային օրերին։ Այսօր բազմաթիվ մարդիկ կեղծ մեղադրանքներով կալանավորված են։ Հաշվի առնելով մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, կարելի է պնդել, որ Հայաստանը ժողովրդավարության հետ որևէ առնչություն չունի։ Նա կարող է առաջ լինել միայն Թուրքմենստանից, Հյուսիսային Կորեայից և նման խիստ ավտորիտար այլ երկրներից»,– ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի պնդմամբ` Հայաստանում այսօր սահմանափակված է նաև խոսքի ազատ կամարտահայտության իրավունքը, իսկ պաշտոնատար անձինք հանդուրժողական չեն իրենց հասցեին հնչող քննադատության նկատմամբ։
Ծափահարությունների կարիք չկա. ՀՀ-ն ճանաչվել է հիբրիդային իշխանակարգ ունեցող երկիր
Նշենք, որ «Varieties of Democracy» ինստիտուտը հրապարակել է 2022թ.-ի ժողովրդավարության զեկույցը, որը կրում է «Ավտորիտարիզմը փոխում է իր բնույթը» խորագիրը։
2021թ.-ի իրադարձությունները ամփոփող սույն զեկույցի համաձայն՝ Հայաստանի վարչակարգը մինչև 2020թ.-ը սահմանված «ընտրական ավտորիտարիզմից» անցում է կատարել «ընտրական ժողովրդավարություն» կատեգորիայի։
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով նշված զեկույցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը մուտք է գործել ժողովրդավարական երկրների «բարձրագույն լիգա»։