Որտեղից է եկել ԱԹՍ–ն. Խորվաթիայի վարչապետն ու Զագրեբի քաղաքապետը մանրամասներ են հայտնում

Զագրեբ
Խորվաթիայի կառավարության ղեկավարը միջադեպը քննարկել է ներքին գործերի և պաշտպանության նախարարների, փոխվարչապետի, Զագրեբի քաղաքապետի և Հունգարիայի վարչապետի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Զագրեբում ընկած անօդաչու սարքը Խորվաթիայի օդային տարածք է հասել Հունգարիայից: Այս հայտարարությունն արել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր անհայտ օբյեկտ է ընկել Խորվաթիայի մայրաքաղաքի շրջաններից մեկում, պայթյուն է որոտացել, այդ հատվածում փոս է առաջացել։
«Օբյեկտը Խորվաթիա է հասել Հունգարիայից։ Իսկ, ըստ վարչապետ Օրբանի (Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան. խմբ.), Հունգարիա Է հասել Ռումինիայի կողմից», - ասել է Պլենկովիչը լրագրողներին։
Խորվաթիայի կառավարության ղեկավարը հայտնել է, որ միջադեպը քննարկել Է ՆԳ նախարարի, պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության հարցերով փոխվարչապետի, Զագրեբի քաղաքապետի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Նրա խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում անօդաչու սարքը։
«Չգիտենք՝ սարքը ռուսական կամ ուկրաինական բանակին է պատկանել, թե ոչ», - նշել է Պլենկովիչը։
Զագրեբի քաղաքապետ Տոմիսլավ Տոմաշևիչն էլ հայտարարել է` հրաշք է, որ սարքի ընկնելու հետևանքով ոչ ոք չի տուժել։ Նա ավելացրել է` չկա հաստատում, որ դա կանխամտածված գործողություն է եղել:
«Ոչ ոք չի տուժել, և դա հրաշք է։ Իրավասու նախարարությունը շուտով հաղորդագրություն կտարածի, դատախազությունը ստուգում է իրականացնում, պայթուցիկ նյութերի մասին տեղեկություններ չկան», - ասել է քաղաքապետը լրագրողներին։
Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունեցել, աննախադեպ է։
Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով միայն ավտոմեքենաներ են վնասվել։