Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը սխալ էր. Ժոզեպ Բորել

Ժոզեպ Բորել. Արխիվային լուսանկար
Բորելը նշել է, որ մի շարք սխալների պատճառով Արևմուտքը կորցրել է Ռուսաստանին մոտենալու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ներառյալ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը։ Այս մասին Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
«Պատրաստ եմ խոստովանել, որ մենք մի շարք սխալներ ենք արել ու կորցրել ենք Ռուսաստանն Արևմուտքին մոտեցնելու հնարավորությունը... Կան պահեր, որոնք մենք ավելի լավ կարող էինք իրացնել, կան բաներ, որ մենք առաջարկել ենք ու չենք կարողացել իրականացնել, ինչպես, օրինակ, որ Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնան...»,-ասել է Բորելը։
Նրա կարծիքով, սխալը անիրականանալի խոստումներ տալն էր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո արևմտյան երկրները հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ Պատժամիջոցները մասնավորապես առնչվում են ՌԴ խոշորագույն բանկերին, այդ թվում՝ «Սբերբանկին» ու ՎՏԲ-ին։ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։