Սովոր ենք սադրանքներին. Արցախի ԱԺ–ի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է հաքերային հարձակման

Հաքերային հարձակում. Արխիվային լուսանկար
Արցախի տեղեկատվական շտաբը կոչ է անում ԱԺ էջից գրառումներ չտարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԱՀ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման, տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղված սպառնալիքներ:
Արցախի տեղեկատվական շտաբը խնդրում է չենթարկվել թշնամու սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել։
Facebook-ում Արցախի Ազգային Ժողովի կոտրված էջը
Արցախի ԱԺ աշխատակազմը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` ասելով, որ համապատասխան աշխատանքներ են տարվում էջը վերականգնելու համար։
«Մենք արդեն սովոր ենք մեր հարևանների կեղտոտ սադրանքներին, այնպես որ, այս քայլը ընդունեք որպես դրանցից հերթականը»,–ասվում է գրառման մեջ։
Հավելենք, որ Sputnik Արմենիայի թղթակիցը ֆիքսել է, որ այնտեղ տարօրինակ գրառում է հայտնվել, որով կոչ են անում, որ Ասկերանում ապրողները լքեն տարածքը։ Ի դեպ, այս գրառումն արդեն իսկ հեռացվել է էջից։ Արցախի ԱԺ–ի պաշտոնական կայքէջն անխափան աշխատում է։