ՌԴ–ն չեղարկել է Հայաստանի ու ևս 7 երկրի ուղղությամբ թռիչքների սահմանափակումները

Ինքնաթիռ
Թռիչքները կիրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և երկկողմ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանը չեղարկել է համավարակի պատճառով դեպի Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան թռիչքների նկատմամբ նախկինում կիրառված սահմանափակումները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։
Որոշման համաձայն` թռիչքները դեպի նշված երկրներ այսուհետ կիրականացվեն փոխադարձ համաձայնությամբ և օդային փոխադրումների վերաբերյալ երկկողմ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա:
Միաժամանակ նշվում է Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության պատճառով Անապայի և Կրասնոդարի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումները երկարացվել են մինչև մարտի 20-ը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ին Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտարարել էր, որ Ուկրաինայում սրված իրավիճակի պատճառով սահմանափակվում են թռիչքները Ռուսաստանի Դաշնության հարավում գտնվող մի շարք օդանավակայաններ։ Դադարեցվել էր Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Անապայի, Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի, Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը։