Միրզոյանը և Շալենբերգը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները

Միրզոյանը անդրադարձել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացի շուրջ քննարկում են ունեցել Թուրքիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ 2 երկրների նախարարների հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցերի համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին և հրադադարի պարբերական խախտումներին։
Միրզոյանը նաև անդրադարձել է Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումներ գործադրելու և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին։
Անկարան ողջունում է Անթալիայում կայանալիք ֆորումին Միրզոյանի մասնակցության որոշումը
Ընդգծվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական 2-րդ համաժողովին։