ՄԻՊ-ն Արցախի վերաբերյալ իր մտահոգություններն է ներկայացրել Հայաստանում ԵՄ դեսպանին

Քրիստինե Գրիգորյան–Անդրեա Վիկտորինի հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են պատերազմների բերած արհավիրքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն Արցախի վերաբերյալ իր մտահոգություններն է հայտնել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինիին, տեղեկանում ենք ՄԻ պաշտպանի պաշտոնական էջից։
«Հանդիպման ընթացքում պաշտպանը դեսպանին մանրամասներ է ներկայացրել Արցախ կատարած իր այցի և արձանագրած խնդիրների վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանը կարևորել է պաշտպանի հաստատության անկախությունը և ընդգծել, որ բազմաթիվ խնդիրների թիրախավորման և լուծման հարցում գործել են ՄԻՊ գրասենյակի հետ կառուցողական համագործակցությամբ:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պատերազմների բերած արհավիրքներին և այդ համատեքստում ընդգծել՝ մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր սկզբունքների պահպանման, խախտումների արձանագրման և միջազգային կազմակերպություններում հետևողական բարձրացման կարևորությունը։
Քննարկվել են նաև ատելության խոսքի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորությունները։
Հիշեցնենք, որ Քրիստինե Գրիգորյանը մարտի 4-6-ն Անցախ էր այցելել. Նա եղել էր Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում և տեղում ծանոթացել առկա խնդիրներին: