ՄԱԿ-ը ռազմակենսաբանական ծրագրերի մասին հետաքննություն սկսելու մանդատ չունի. Դյուժարիկ

Ստեֆան Դյուժարիկը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ ՄԱԿ-ը հետաքննություն անցկացնելու մանդատ չունի, եթե իրեն այդ մանդատը չտրամադրեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՄԱԿ-ն Ուկրաինայում ռազմա-կենսաբանական ծրագրերի առկայության վերաբերյալ հետաքննություն անցկացնելու մանդատ չունի: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով Պետդումայի՝ ՄԱԿ-ին ուղղված դիմումը:
«Մենք կշարունակենք կենսաբանական զենքի վերաբերյալ զեկույցներ անել, այսինքն` այն, ինչ մենք գիտենք։ ՄԱԿ-ը հետաքննություն անցկացնելու մանդատ չունի, եթե իրեն այդ մանդատը չտրամադրեն։ Բայց մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին»,-ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ՄԱԿ-ը պատրաստվում է արձագանքել Պետդումայի կոչին։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Meta-ն թույլ է տալիս ռուսաստանցիների դեմ բռնության կոչեր անել, Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ը դեմ է ատելության ցանկացած հրահրմանը և բռնության կոչերին:
«Նման հռետորաբանությունն անընդունելի է ցանկացած կողմից»,–ասել է Դյուժարիկը:
Ավելի վաղ Ռուսաստանի ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ ռազմական հատուկ գործողության ընթացքում Ուկրաինայի տարածքում բացահայտվել է ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեությունը, դրանք աշխատում էին ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կից սպառնալիքի կրճատման գործակալության պատվերով:
Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում ԱՄՆ պատվերով կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչություն և ապատեղեկատվություն են: