Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական կողմից հրադադարի շարունակական խախտումները

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը Անթալիայում
Ռուսաստանի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Անթալիայում Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունների վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը մարտի 10-ին Անթալիայում կայացած հանդիպմանը քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և 2021թ. նոյեմբերի 26-ի եռակողմ հայատարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նրանք հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:
Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը։
ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։
Լավրովն ու Միրզոյանը զրուցել են նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել է, որ կողմերը քննարկել են Եվրաատլանտյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկները:
Նշվում է նաև, որ 2 երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համեմատել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ԱՊՀ-ում համագործակցության առաջխաղացման մոտեցումները: Հայկական կողմը, որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, տեղեկացրել է կազմակերպության գործունեության կատարելագործման ծրագրերի մասին:
«Արծարծվել են նաև մի շարք այլ միջազգային հարցեր, այդ թվում՝ ռուսական առաջարկների համատեքստում Եվրաատլանտյան անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- հայտարարել են ԱԳՆ–ում: