Խստացվում է մսի` սպանդանոցային ծագման լինելու պահանջի նկատմամբ վերահսկողությունը

Մսի վաճառակետ. Արխիվային լուսանկար
Մարտի 14-ից տեսչական մարմինն անցնելու է ավելի խստացված ստուգումների սպանդանոցներում, իրացման ցանցում և հանրային սննդի կետերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մարտի 14-ից խստացվում է միս-մսեղիքի սպանդանոցային ծագման լինելու պահանջի կատարման նկատմամբ վերահսկողությունը: Նման հաղորդագրություն է տարածել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ 2020 թվականի ընթացքում մեծ ակտիվությամբ մեկնարկած սպանդանոցային մորթի գործընթացներում որոշակի անհարթություններ են առաջացել՝ պայմանավորված արցախյան պատերազմով և Covid 19-ով։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Նարեկ Հայրապետյանը հանդիպել են երկրում գործող սպանդանոցների ներկայացուցիչների հետ:
Սպանդանոցների ներկայացուցիչները մտահոգություններ են հայտնել սպանդանոցային ծագման մսեղիքն ուղեկցող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականի կեղծման, որոշ սպանդանոցների կողմից այն ապօրինաբար վաճառելու դեպքերի մասին։ Նրանք հայտնել են, որ անասնատերերը չեն դիմում սպանդանոցներին՝ շարունակելով բակային մորթը:
Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ, որպես իրավաբանական անձանց վերահսկող մարմին, մարտի 14-ից տեսչական մարմինն անցնելու է ավելի խստացված ստուգումների թե՛ սպանդանոցներում, թե՛ իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ բացառելու նպատակով ոչ սպանդանոցային ծագման մսիս-մսեղիքի վաճառքը:
«Պետք է հասկանաք, որ սպանդանոցներին մենք ընդունում ենք և իրենց հետ մեր հարաբերությունները պատկերացնում ենք որպես գործընկերային, քանի որ սպանդանոցային մորթի ամենաշահագրգռված կողմը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն է»,- ասել է նա:
Հավելենք, որ այժմ փոփոխություններ են կատարվում ձև 5 փաստաթղթի տրամադրման էլեկտրոնային համակարգում, ինչի արդյունքում կբացառվի դրա կեղծումն ու վաճառքը։
Տեղական արտադրողներն ու դրսից եկող էժան միսը. կգնա՞ն թռչնաֆաբրիկաները ռիսկի