Կա՞ երկիր, որը շահում է ռուս-ուկրաինական հակամարտությունից. այո՛, Ադրբեջանն է

Բաքու
Եկեք անկեղծ լինենք։ Հայաստանում վաղուց արդեն մարել են անհեթեթ խոսակցություններն այն մասին, թե ուր որ է ադրբեջանական նավթն ու գազը կսպառվեն, և այդ երկիրը կկորցնի իր նշանակությունն Արևմուտքի համար։
Sputnik
Համենայնդեպս, այժմ կատարվում է ճիշտ հակառակը՝ Բաքուն հավատացնում է, որ եթե պետք լինի, կարող է էապես ավելացնել արտահանվող գազի ծավալները, իսկ Ադրբեջանի նշանակությունը շարունակում է աճել, քանզի Եվրոպան փորձում է հրաժարվել ռուսական գազից և նոր մատակարարներ է փնտրում։ Եթե սրան գումարենք այն հանգամանքը, որ գազի գները վերջին ժամանակներս հասել են ռեկորդային մակարդակի, կարելի է երևի փաստել, որ եթե աշխարհում կա գեթ մի երկիր, որը շահել է ռուս-ուկրաինական հակամարտությունից, դա հենց Ադրբեջանն է։
Բոլորը հրաշալի հասկանում են, որ ռուսաստանյան վառելիքից հրաժարվելը, մեղմ ասած, բավական դժվար է։ Ճիշտ է, ԱՄՆ-ը դա արեց , բայց ախր Միացյալ Նահանգների կախվածությունը այդ վառելիքից գրեթե զրո էր։ Բոլորովին այլ է իրավիճակը Եվրոպայում, որն իր կարիքների 40 տոկոսը բավարարում է հենց ռուսաստանյան էներգակիրների հաշվին։ Եվ ի դեպ, ամենևին ոչ բոլորն են համաձայն հեշտությամբ հրաժարվել այդ էներգակիրներից։ Դրան դեմ են, օրինակ, Գերմանիան և Նիդեռլանդները, որոնց իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ դժվար կացության մեջ են հայտնվելու հասարակ քաղաքացիները։
Իհարկե, միջոցներ կան, բայց դրանք բոլորովին դյուրին չեն։ Օրինակ` կիրառել էներգախնայող տեխնոլոգիաներ։ Բայց դրանց մշակումը երկար ժամանակ ու խոշոր ներդրումներ է պահանջելու։ Կարելի է նաև փորձել շատ ավելի արագ հասնել բաղձալի նպատակին՝ հորդորելով, ասենք, Գերմանիայի բոլոր բնակիչներին ձմռանը ընդամենը մեկ աստիճանով իջեցնել ջերմաստիճանն իրենց բնակարաններում, ինչը միանգամից հսկայական խնայողություն կլինի։ Հայաստանում, բնականաբար, նման հորդորը չէր անցնի՝ իմ տունը չի՞, կուզեմ՝ 30 աստիճան կսարքեմ։ Բայց կարգապահ գերմանացիները միգուցեև անսան նման կոչին։ Եվ այնուամենայնիվ, դա էլ պրոբլեմի հիմնավոր լուծում չէ։ Եթե սկզբունքորեն որոշել ես հրաժարվել հին մատակարարից, պիտի նոր մատակարար գտնես։ Ահա թե ինչու շատերն անմիջապես իրենց հայացքն ուղղեցին դեպի Ադրբեջան։
Ադրբեջանի նկատմամբ ուշադրությունը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ եթե առաջ այդ երկիրն անմիջականորեն գազ էր մատակարարում հիմնականում Վրաստանին և Թուրքիային, ապա անցած տարվանից Կասպից ծովում սկսվող խողովակաշարը երկարաձգվեց մինչև Իտալիայի նավահանգիստներից մեկը։ Եվ առաջիկա առնվազն քառորդ դարի ընթացքում ամեն տարի Եվրոպա կմտնի 10 միլիարդ խորանարդ մետր գազ։ Առաջին հայացքից, շատ տպավորիչ թիվ է, բայց մասնագետ էլ պետք չի լինել հասկանալու համար, որ դա անհամեմատելի է եվրոպացիների գնած ռուսատանյան գազի հետ, որի ծավալն անցած տարի կազմել է 185 միլիարդ խորանարդ մետր։
Այն, որ ռուսաստանյան և ադրբեջանական գազի ծավալներն անհամեմատելի են, եվրոպացիները հաստատ գիտեն, սակայն հիմա նրանց այլ հարց է հետաքրքրում՝ իսկ կարո՞ղ է Ադրբեջանը ներկա ճգնաժամային պայմաններում էապես ավելացնել գազի մատակարարումն արևմտյան պետություններին։ Հենց այդ հարցն է ուղղել լրագրողներից մեկը նախագահ Իլհամ Ալիևին, երբ նա փետրվարի 23-ին Մոսկվայում հանդիպել էր իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Ադրբեջանի ղեկավարը փաստել է, որ դրա համար ներդրումներ են պետք, բայց ամենագլխավորը՝ նման ծրագրերը մեկ շաբաթում չեն իրականացվում, և հիշեցրել է. «Մինչև կյանքի կոչեցինք մեր գազն Իտալիա հասցնելու նախագիծը հինգ, թե վեց տարի անցավ»։
Ալիևի ասածը մանրամասնել է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Էլնուր Սոլթանովը Անադօլու գործակալությանը տված հարցազրույցում։ «Տանգո պարելու համար երկու հոգի է պետք, բնական գազը նավթի հետ չես համեմատի, գնորդի մասնակցությունը գազի դեպքում պարտադիր է»։ Մասնագետները բացատրում են ադրբեջանցի պաշտոնյայի միտքը։ Նավթն իրոք կարելի է տեղափոխել նավթատար վագոններով, բեռնատարներով, նավերով, բնական գազը միայն ու միայն խողովակաշարով կարող ես տեղ հասցնել։ Իսկ խողովակաշար կառուցելը կատակ բան չի, պիտի հսկայական գումարներ ծախսես՝ հաստատ իմանալով, որ գնորդ կունենաս։
Ա՛յ, հենց երաշխավորված գնորդ ունենալն է պրոբլեմը, թե չէ գազի պաշարներ շատ ունենք, ասում է ադրբեջանցի փոխնախարարը։ Իսկապես, անորոշ պահերն այս դեպքում անպակաս են։ Բա որ մի քանի տարուց, մինչ կառուցվում է գազատարը, Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները կրկին ջերմանան, ու Եվրոպան իսպառ մոռանա ռուսաստանյան գազից հրաժարվելու մասին։ Բա որ Գերմանիան, որը որոշել էր փակել բոլոր ատոմակայանները, որոշի կրկի՞ն բացել դրանք։ Բա որ բնապահպան ակտիվիստները խոչընդոտե՞ն նոր գազատարի կառուցմանը։ Բա որ իրոք մշակվեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք երկրորդական կդարձնեն գազի նշանակությունը։։
Մի խոսքով`ապագայի մասին շատ դժվար է որևէ կոնկրետ բան ասել, բայց ներկան Ադրբեջանի համար բավական բարենպաստ է՝ Եվրոպային խիստ անհրաժեշտ է այդ երկրում արդյունահանվող գազը, իսկ դրա գինը օրեցօր աճում ու աճում է։
ԱՄՆ Կոնգրեսը կողմ է քվեարկել ՌԴ-ից էներգակիրների ներմուծումն արգելող օրինագծին