Ինչ նշանակություն կարող է ունենալ ԼՂ–ում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը

Հայաստանի ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է ԵԽ-ում ընդունված բանաձևը` ասելով, որ Ադրբեջանին կոչ է արվում պահպանել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է և գնահատում «ԼՂ–ում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևի գրեթե միաձայն ընդունումը և դրանով իսկ Եվրոպական խորհրդարանի գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը:
Հայտնել էինք, որ ԵԽ-ում մարտի 10-ին քննարկվել է «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևը։ Այն ընդունվեց ճնշող մեծամասնությամբ՝ քվեների 635 կողմ, 2 դեմ և 42 ձեռնպահ հարաբերակցությամբ։
«Մենք ողջունում և խորապես գնահատում ենք սույն բանաձևի գրեթե միաձայն ընդունումը և դրանով իսկ ԵԽ գործընկերների վճռական դիրքորոշման արտահայտումը։ Սա կարող է կարևոր լինել հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահելու և վերջինիս գործուն աջակցությամբ պատմամշակութային կոթողների ոչնչացման, պղծման և վերափոխման հարցերի բարձրաձայնմանն ուղղված մեր աշխատանքներում»,–ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` բանաձևում ընդգծվում է ԼՂ և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անխափան մուտքի ապահովման կարևորությունը՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։
Եվրոպական խորհրդարանում քննարկվելու է Արցախի մշակութային հուշարձանների ոչնչացման հարցը
Բացի այդ, կոչ է արվում Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դեպքերը կանխելու և նման գործողություններ իրականացնողներին պատժելու ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվում նաև հայկական մշակութային կոթողների «աղվանականացման» նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու` ադրբեջանական կողմի որոշմանը։