ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը մի շարք գերատեսչությունների հետ ուսումնասիրություն է կատարել և պարզել, որ թե՛ ՀՀ-ում, թե՛ Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս չկա: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Խուճապային տրամադրությունների հետևանքով վերջին մի քանի օրերի ընթացքում նկատվել է հատկապես շաքարավազի պակաս, ինչը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակչությունը սովորականից շատ գնումներ է կատարել: Այժմ անհրաժեշտ պաշարը կրկին լրացվում է:
ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Անդրեյ Գասպարյանը հավաստիացրել է, որ անհրաժեշտ սննդամթերքի ներկրման հետ կապված որևէ խնդիր չկա, քանի որ կան բավարար պաշարներ, և մոտակա ժամանակահատվածում մեծ թանկացումներ չեն սպասվում:
«Փոխնախարարը տեղեկացրել է, որ վաղվանից համապատասխան միջոցներ կկիրառվեն բոլոր այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք, օգտվելով առիթից, կատարել են չարաշահումներ և արհեստական գնաճ առաջ բերել: Նրա խոսքով` թանկացումներ կարելի է սպասել ներմուծվող ապրանքատեսակների, ինչպես նաև ներկրվող հումքով արտադրվող արտադրատեսակների պարագայում՝ կապված դոլարի և ռուբլու փոխարժեքի տատանումների հետ»,–գրված է հաղորդագրության մեջ։
Գասպարյանը բնակչությանը հորդորել է խուճապի չմատնվել, քանի որ պատկան մարմինները վերահսկում են իրադրությունը։
Հիշեցնենք, որ վերջին 10 օրում շաքարավազի գինը զգալի բարձրացել է, Sputnik Արմենիան մանրամասն անդրադարձել է այդ թեմային։