ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ամերիկյան Meta բազմազգ հոլդինգը մեղմացնում է ատելության խոսքի կանոնները (hate speech) և ժամանակավորապես որոշ երկրներում Facebook-ի և Instagram-ի օգտատերերին չի արգելի ռուս զինվորականների նկատմամբ բռնություն կոչեր անել։ Նման հայտարարություն է արել ընկերության ներկայացուցիչ Էնդի Սթոունը։
«Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով մենք ժամանակավորապես թույլ ենք տվել քաղաքական ինքնարտահայտման ձևերը, որոնք սովորաբար կխախտեին բռնության կոչերի մեր սահմանած արգելքը», - ասել է Սթոունը:
Որպես օրինակ, որն այսուհետ թույլատրված է այդ սոցիալական ցանցերում, ներկայացվում է այսպիսի կոչ. «Մահ ռուս զավթիչներին»։ Միաժամանակ ընկերությունը պահպանում է Ռուսաստանի խաղաղ բնակչության դեմ ուղղված ատելության խոսքի արգելքը։
Ընկերության որոշմանը արդեն արձագանքել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը՝ նշելով, որ դա վկայում է Ռուսաստանի Դաշնության դեմ հայտարարված տեղեկատվական պատերազմի մասին։
«Վրդովվեցուցիչ է «Մետայի» ագրեսիվ և հանցավոր քաղաքականությունը, որը հանգեցնում է ռուսների նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրման։
Ընկերության գործողությունները մեր երկրում հայտարարված տեղեկատվական առանց կանոնների պատերազմի ևս մեկ վկայություն են։ Մեդիակորպորացիաները դարձել են արևմտյան իշխող շրջանակների քարոզչական մեքենայի զինվորներ»,- նշված է դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը ԱՄՆ իշխանություններից պահանջել է դադարեցնել «Մետայի» ծայրահեղական գործունեությունը և միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար։
Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է նաև, որ Facebook-ի և Instagram-ի օգտատերերն այդ ինտերնետ-հարթակների ղեկավարներին իրավունք չեն տվել որոշել ճշմարտության չափանիշները և մի ժողովրդին հանել մյուսի դեմ։
Իր հերթին, ամերիկյան Ռոն Փոլի ինստիտուտի գործադիր տնօրեն Դենիել Մաքադամսը ռասիզմ է համարել սոցիալական ցանցերում բռնության կոչեր թույլ տալը։ Վերլուծաբանն ընկերությունն անվանել է «ԱՄՆ կառավարության դե ֆակտո ստորաբաժանում», որը «չափազանց ուրախ է կատարել իր պետական տերերի ցանկությունները»։
«Պարզ է, որ լիբերալ արժեքների առումով մենք որպես հասարակություն առաջընթաց չենք ապրում, նահանջում ենք դեպի կոշտ, վայրենի պետություն»,- ասել է նա։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով ընկերությանը, հայտնել էր, որ որոշ երկրներում Facebook-ը և Instagram-ը չեն արգելափակի օգտատերերի՝ ռուս զինվորների նկատմամբ բռնության կոչերը:
Գործակալության տվյալներով՝ Meta-ի էլեկտրոնային նամակներից երևում է, որ ռուսների նկատմամբ բռնության կոչերը թույլատրվում են, երբ հաղորդագրությունը բացահայտորեն վերաբերում է Ուկրաինայում ռազմական գործողությանը։
Ընկերության քաղաքականության փոփոխությունները վերաբերում են Հայաստանին, Ադրբեջանին, Հունգարիային, Վրաստանին, Լատվիային, Լիտվային, Լեհաստանին, Ռուսաստանին, Ռումինիային, Սլովակիային, Ուկրաինային և Էստոնիային:
Գործակալության տվյալներով՝ ընկերությունը նաև ժամանակավորապես չի հանի Ռուսաստանի և Բելառուսի նախագահներին ուղղված մահվան կոչերը Լեհաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում։