ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հնարավոր է համարել Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Եթե Հայաստանը պատրաստ է դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում»,–ասել է Հաջիևը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է մարտի 11-13-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական 2-րդ համաժողովին։
Անթալիայում դիվանագիտական համաժողովն այս տարի անցկացվում է երկրորդ անգամ՝ Թուրքիայի նախագահի հովանու ներքո։ Համաժողովը գլոբալ և տարածաշրջանային հարցերի շուրջ կարծիքների փոխանակման, ինչպես նաև արտաքին քաղաքական առանցքային խնդիրների լուծումների որոնմանն ուղղված նախաձեռնություն է: