ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Մինչ այս պահը ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։ Տեղեկությունը հաստատում է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով ՀՀ պարենային անվտանգության վերաբերյալ տարածվող լուրերը։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ։
«ՀՀ–ում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ ՀՀ–ն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,–ասել է Քերոբյանը։
Նրա խոսքով` Ռուսաստանի հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։
Նախարարը կոչ է անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել և անհարկի գնումներ չկատարել։