Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ շրջանները և Իրանը կապող կամուրջներ կկառուցվեն

Արաքս գետը. Արխիվային լուսանկար
Նախատեսվում է Արաքս գետի վրա կառուցել չորս կամուրջ` երկու ավտոմոբիլային և երկու երկաթուղային:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Արաքս գետի վրայով անցնող 4 կամուրջ կառուցել, տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Թեհրանը և Բաքուն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` այսպես կոչված «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» (խմբ.` Շահումյանի, Քաշաթաղի և Հադրութի շրջանների մի մասը) և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև նոր կոմունիկացիոն կապերի ստեղծման հարցի շուրջ:
Փաստաթղթի նպատակն է Նախիջևանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային նոր հաղորդակցության, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծերի հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրա կառուցել չորս կամուրջ (երկու ավտոմոբիլային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգամատակարարման ենթակառուցվածք:
Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմին:
Հուշագիրը ստորագրվել է Բաքվում Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն կքննարկեն Նախիջևանից իրանական Մեշհեդ մարդատար գնացքի գործարկումը:
Ինչ նշանակություն կարող է ունենալ ԼՂ–ում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը