ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ուկրաինայի կենտրոնական բանկը դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող մի շարք երկրների ԿԲ ղեկավարությանը՝ խնդրելով կասեցնել այդ համակարգի քարտերով գործառույթները։ Երկրների թվում են Հայաստանը, Թուրքիան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Վիետնամը։ Ուկրաինայի ԿԲ-ն այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել։
Նշվում է, որ խոսքը և՛ բանկոմատների ու վճարային տերմինալներով գործառույթների, և՛ առցանց գնումների մասին է։ Ըստ ուկրաինական կողմի՝ սրանով նպատակ է դրվում ավելի ուժեղացնել Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները։
Նշված երկրներից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, դեռ չի արձագանքել Ուկրաինայի ԿԲ-ին։
«Միր» վճարային համակարգը Ռուսաստանի ԿԲ կողմից ստեղծվել է 2017թ․ մայիսին։ Բացի այն երկրներից, որոնց Ուկրաինան դիմել է, «Միրը» գործում է նաև Բելառուսում, Հարավային Օսեթիայում և Աբխազիայում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։