ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն այդ պաշտոնում այսօր կառավարության նիստին մասնակցում է վերջին անգամ։ Այս մասին այսօր նիստի ընթացքում հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար։
«Պարոն Խաչատրյան, ստիպված եմ ասել, որ այսօր, ամենաուշը` վաղը, ստիպված ենք լինելու Ձեզ ազատել նախարարի պաշտոնից»,– կես լուրջ–կես կատակ ասաց Փաշինյանը։
Վահագն Խաչատուրյանն ի պատասխան շնորհակալություն հայտնեց Փաշինյանին` վստահության ու գնահատանքի համար։
«Ես անկեղծ շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում և ինձ հնարավորություն էր տրվել իմ փորձը, գիտելիքներն ու հնավանդություններն օգտագործել»,– ասաց նա` շնորհակալություն հայտնելով գործադիր մարմնի իր գործընկերներին։
Հիշեցնենք` ԱԺ–ն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրեց մարտի 3-ին։ Ըստ Սահմանադրության` նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց ԱԺ հատուկ նիստում։
Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: