ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik, Կարինե Հարությունյան. Այս օրերին խանութներում գնորդներին ամեն օր մի նոր անակնկալ է սպասում` ամեն օր ինչ–որ ապրանքատեսակներ թանկանում են։ Մասնավորապես, վերջին օրերին օրական 3-4 դրամով թանկանում է շաքարավազը. 10 օրվա ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 400 դրամից դարձել է 440-450 դրամ։
«Երևան սիթիում» (Սուպերմարկետների այս ցանցը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։ Նրա ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը» ՀՀ շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերություններից է) այսօր շաքարավազի գինն արժեր արդեն 447 դրամ։ Շաբաթվա սկզբում 440 դրամ էր։
«Նոր զովք» սուպերմարկետների ցանցում 1 կգ շաքարավազի գինը 442 դրամ է այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին 439 դրամ էր։
Սուպերմարկետներում առևտուր անող տնային տնտեսուհիներն ապշած են։
«Շաքարավազի գնին նայում եմ` շաքարս բարձրանում է։ Աշխատավարձն ու թոշակը նույնն են մնացել, իսկ սնունդն էնքան է թանկացել, որ մարդ պետք է սկսի ծոմ պահել։ Ես խմորեղեն եմ թխում–վաճառում և շաքարավազ հաճախ եմ գնում` 1 շաբաթում 50 դրամով թանկացել է արդեն»,–ասաց տիկին Սոնան` հավելելով, որ եթե գումար ունենար, պարկով շաքարավազ կգներ, որ գոնե գնաճի դեպքում շատ չտուժեր։
Մեկ ուրիշ կին էլ` Լուսինեն, նշեց, որ այս օրերին բավական ձեթի և մակարոնեղենի պաշար է հավաքել, սակայն շաքարավազ գնել չի պատրաստվում` միայն թեյի համար է պետք գալիս։
«Նախկինում մարդ 20 000 դրամով մի ամսվա առևտուրն էր անում, հիմա 1 շաբաթ հազիվ ես դրանով յոլա գնում էնքան են թանկացրել ամեն ինչ։ Մենք էլ ուրիշ ձև կգտնենք` թեյն էլ առանց շաքարավազի կխմենք»,–ծիծաղով ասում է Լուսինեն։
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կանխատեսելի էր, և այն նախ պայմանավորված է ռուս-ուկրաինական իրավիճակի սրմամբ։ Հարցն այն է, որ մեր առևտրաշրջանառության մեծ մասը Ռուսաստանի հետ է, օրինակ` շաքարավազի գերակշիռ մասը ներկրվում է հենց Ռուսաստանից։ Այս իմաստով գնաճային ճնշումները, ըստ Ամիրխանյանի, կանխատեսելի էին։
«Մեզ մոտ նաև դոլարի կուրսն է բարձրանում, ուստի այն, ինչ տեղի է ունենում սպառման ապրանքների շուկայում, կանխատեսելի էր։ Բացի այդ, շաքարավազի շուկայում նախորդ տարվանից էր գնաճ սկսել։ 2022-ի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շաքարավազի ապրանքախմբում 18 տոկոս գնաճ ենք ունեցել»,–ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով` գնաճի ռիսկերը բավական մեծ են բոլոր այն ապրանքների շուկաներում, որտեղ ՀՀ–ն որպես ներմուծող է հանդես գալիս։ Սակայն Ամիրխանյանը չի բացառում, որ այս ամենի ֆոնին լինեն որոշակի անբարեխիղճ մրցակցային դրսևորումներ։ Հարցն այն է, որ ՀՀ–ն շաքարավազի որոշակի պահեստավորված քանակներ պետք է ունենա, և այս դեպքում մրցակցության հանձնաժողովը պետք է արագ ուսումնասիրի ու պարզի` արդյո՞ք արդարացված է գնաճը հենց այս պահին և այս մակարդակով։
Տնտեսագետը նշում է, որ չի բացառվում, որ ինչ–որ պահից սկսած կարևոր նշանակության ապրանքները ՌԴ-ից արտահանման որոշակի քվոտավորում մտցվի` ելնելով պարենային անվտանգության հարցերից։ Ուստի, պետք է շուկայի կարգավորիչները մաքսիմալ աշխատեցնել։
Ինչ վերաբերում է ներկրման համար նոր շուկաներ փնտրելուն, ապա Ամիրխանյանը նշում է, որ շուկայի դիվերսիֆիկացման խնդիրը կաևոր է և այս պահին առավել քան սրված։ Սակայն դա, ըստ նրա, ավելի երկարաժամկետ գործողությունների տրամաբանության մեջ է մտնում։
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան անդրադարձել է նաև ձեթի շուկային, որտեղ գների և պահանջարկի կտրուկ բարձրացում էր նկատվում։ Ձեթի շուկայում վերջին 10 օրում 10 տոկոսով թանկացում է գրանցվել։