Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքից կախում չունենա. Սերգեյ Լավրով

Սերգեյ Լավրով
ՌԴ արտգործնախարարը վստահ է, որ Ռուսաստանը ճգնաժամից դուրս կգա լիակատար առողջացած հոգեբանությամբ ու գիտակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքից կախում չունենա ու պատրանքներ չտածի այդ առումով։ Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Անթալիայում անցկացված ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցները։
Նրա խոսքով, Ռուսաստանն ինքը հոգ կտանի իր տնտեսության մասին. երկրի իշխանությունները հիմա դրանով են զբաղվում։
«Մենք այս ճգնաժամից դուրս կգանք լիակատար առողջացած հոգեբանությամբ ու գիտակցությամբ։ Մենք պատրանքներ չենք ունենա այն մասին, որ Արևմուտքը կարող է հուսալի գործընկեր լինել։ Մենք պատրանքներ չենք ունենա այն մասին, որ Արևմուտքը, խոսելով իր արժեքների մասին, հավատում է իր պնդումներին»,-ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանում արդեն գիտեն, որ Արևմուտքը ցանկացած պահի կարող է դավաճանել, կդավաճանի ում ասես, նաև իր սեփական արժեքներին։
Ինչպես նկատել է Լավրովը, «այդ որտե՞ղ է տեսնված, որ սեփականության իրավունքը ոտնատակ արվի երկու մատի չրթոցով»։
«Մենք ամեն ինչ կանենք, որ մի կերպ կախում չունենանք Արևմուտքից մեր կյանքի այն ոլորտներում, որոնք վճռական նշանակություն ունեն մեր ժողովրդի համար»,-շեշտել է ռուս նախարարը։
Հիշեցնենք՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել։ Մասնավորապես պատժամիջոցների տակ են ընկել ՌԴ մի քանի խոշոր բանկեր, այդ թվում «Սբերբանկն» ու ՎՏԲ–ն։ ԵՄ–ն, ԱՄՆ–ն, Կանադան, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել է օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ բարձր տեխնոլոգիական արտադրանք մատակարարելու համար։
Ռուսաստանը դարձել է այն երկիրը, որի դեմ ամենաշատ պատժամիջոցներն են սահմանվել
ԱՄՆ-ն մարտի 8-ին հայտարարեց Ռուսաստանից նավթի, հեղուկ գազի և ածխի, ինչպես նաև մի շարք նավթամթերքների ներմուծման արգելքի մասին։ Այնուհետև Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ մինչև 2022 թվականի վերջ Ռուսաստանից կդադարեցնի նավթի և նավթամթերքի ներմուծումը։