ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը փորձարկում է արել ցույց տալու համար ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական նախաձեռնության իրական հիմնավորվածության աստիճանը։
Facebook–ի իր էջում նա սկզբում փորձել է, թե քանի անգամ է պետք թափահարել աղամանը, որպեսզի գոնե 1 գրամ աղ թափվի։
Պարզվում է` անգամ 20 և ավելի անգամ թափահարելու դեպքում աղամանից աղի օրական նորման չի թափվում։
Հետո փորձագետը աղը չափում է թեյի գդալով ու արդյունքում պարզում, որ 5 գրամ աղը գերազանցում է նույնիսկ 1 թեյի գդալի պարունակությունը։
«Եթե կարծում եք, որ դուք ամեն անգամ հաց ուտելիս կարող եք սրանից մի քանի անգամ շատ աղ օգտագործել, ես իսկապես ձեզ հորդորում եմ կրճատել աղի քանակությունը։ Իսկ մնացած դեպքերում երաշխավորում եմ հետևել ապացուցողական սննդագիտությանն ու սննդաբանությանը և հավատալ ոչ թե «ծակ պրոֆեսորներին»,այլ միայն գիտական ուսումնասիրություններին»,– ասում է Պիպոյանը։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկվում է հանրային սննդի կետերում սեղաններին աղ չդնել, եթե հաճախորդը չի պահանջել։ Նախագիծը բուռն քննարկման թեմա դարձավ սոցցանցերում և քննադատության արժանացավ։
Նախարարությունը նախագիծը հիմնավորում է ԱՀԿ-ի այն պնդմամբ, որ կերակրի աղի օգտագործման օրական քանակը չպետք է գերազանցի 5 գրամը։
Առանց հաճախորդի պահանջի սեղանին աղաման դնելու համար նախարարությունն առաջարկում է տնտեսվարողին տուգանել 30 000 դրամով։
Նախագիծը հրապարակվել է մարտի 2-ին։ Հանրային քննարկման համար ժամկետ է սահմանվել մարտի 17-ը։ Դրանից հետո այն արդեն կներկայացվի կառավարության քննարկմանը, իսկ հաստատվելու դեպքում` ԱԺ դատին։