Պուտինը չի հրաժարվում Զելենսկու հետ հանդիպումից, բայց դա չպետք է ձևական լինի. Լավրով

Սերգեյ Լավրովն Անթալիայում
Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը: Այս հարցը Անթալիայում բարձրացրել է ուկրաինացի նախարար Դմիտրի Կուլեբան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորություն կստեղծվի, սակայն դրա համար հարկավոր է նախապատրաստական աշխատանք տանել, որը ընթանում է բելառուսական ուղով:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան այդ հարցը բարձրացրել է հանդիպման ժամանակ։ Լավրովը հիշեցրել է, որ Մոսկվան «կողմ» է, եթե դա կօգնի «հասնել առաջընթացի»:
«Նախագահ Պուտինը երբեք չի հրաժարվում շփումներից։ Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել, եթե դա կօգնի հասնել ինչ-որ առաջընթացի և կօգնի լուծել խնդիրները։ Մենք պարզապես ցանկանում ենք, որ այդ հանդիպումները ինքնանպատակ չլինեն, այլ ինչ-որ կոնկրետ պայմանավորվածություններ արձանագրելու համար լինեն», - ասել է Լավրովը Անթալիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ուկրաինայի ղեկավարությունը, նրա խոսքով, պետական հեղաշրջումից հետո նախընտրում է հանդիպումներ հանուն հանդիպումների, որպեսզի հեռուստախցիկների առաջ կոնկրետ որոշումներ ցուցադրի:
Լավրովի հիշեցրել է, որ Մինսկի համաձայնագրերի արգելափակումից հետո նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես կոչ է արել հանդիպել։
«Երբ մենք ուկրաինացի գործընկերներին հիշեցնում էինք, որ 2019 թվականի դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած նորմանդական ձևաչափի գագաթնաժողովի բոլոր որոշումները հասցեագրված էին Կիևին, և դրանցից ոչ մեկը չի կատարվել, նրանք նորից կոչ են անում ևս մեկ հանդիպում կազմակերպել և էլ այդ ժամանակ իրենք «անպայման կհասնեն փարիզյան որոշումների կատարմանը»», — ասել է Լավրովը:
«Կիևն առաջարկում էր, օրինակ, նորմանդական ձևաչափում ներառել բրիտանացիներին, ամերիկացիներին, լեհերին և թուրքերին ։ Հետո առաջարկել է ստեղծել ինչ-որ զուգահեռ կոնտակտային խումբ։ Կիևի ղեկավարության կողմից նախաձեռնությունների տարափ էր, և դրանք բոլորն արվում էին սեփական պարտավորությունների կատարումն արտաքին էֆեկտով փոխարինելու համար», - հավելել է նա։
Լավրովը հարց է տալիս`ինչու պետք է հանդիպում լիներ Փարիզում, եթե որոշումների կատարման համար անհրաժեշտ է անցկացնել ևս մեկ գագաթնաժողով ։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան մինչև վերջ ցանկանում էր խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Եվ հիմա էլ Ռուսաստանը լրջորեն տրամադրված է Ուկրաինայի հետ խնդրում լուծում գտնել բանակցությունների միջոցով։
Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ Արևմուտքից կախում չունենա. Սերգեյ Լավրով
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։