ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատված որոշմամբ կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին` Էմմանուել Ճգնավորյանն ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից։
Նա 27 տարեկան է, և այս որոշմամբ զինծառայությունից ազատվում է վերջնականապես։ Մինչ այդ նա ազատվել էր տարկետումների իրավունքով` որպես մշակույթի ասպարեզում միջազգային հեղինակություն ու վարկանիշ ունեցող գործիչ։
Էմմանուել Ճգնավորյանը ծնվել է 1995 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայում: Այսօր նա միջազգային առաջատար երաժշտական հարթակների պահանջված երաժիշտներից է:
2021/22թթ. համերգաշրջանում նա ղեկավարելու է Գրացի ֆիլհարմոնիկ, Tonkünstler Orchestra, Հեյլբրոննի Württembergisches Kammerorchester, Լինցի Bruckner Orchestra և այլ նվագախմբերը:
Radio Klassik Stephansdom-ը Ճգնավորյանին ճանաչել է որպես երաժշտության պերճախոս մեկնաբան: 2017-ից նշյալ ռադիոկայանում նա վարել է իր «Der Klassik-Tjek» հաղորդումը:
Որպես մենակատար ջութակահար Ճգնավորյանը մոտ ապագայում հանդես է գալու Filarmonica della Scala (դիրիժոր՝ Ռիկարդո Շայի), Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ (դիրիժոր՝ Յուրի Տեմիրկանով), Accademia Nazionale de Santa Cecilia (դիրիժոր՝ Սակարի Օրամո) և այլ նվագախմբերի հետ: Essen Philharmonic-ը 2021/22 համերգաշրջանում Էմմանուել Ճգնավորյանին է նվիրել «Արտիստի դիմանկարը» ծրագիրը, իսկ որպես մշտական հրավիրյալ արտիստ՝ «Artist in Association», Ճգնավորյանը հանդես է գալու Վյուրտեմբերգի կամերային նվագախմբի հետ:
Էմմանուել Ճգնավորյանը նվագում է Անտոնիո Ստրադիվարիի 1698-ին կերտած ջութակով, որը նրան տրամադրել է Լոնդոնի Beare’s International Violin Society-ի հովանավորը:
Հիշեցնենք` կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը 1988 թվականին երկրաշարժից հետո ԱՄՆ-ից տեղափոխվել էր Հայաստան։ 1989-98թթ և 1999-2000թթ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: