ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երեկ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի շրջանում տիրող իրավիճակի մասին, հաղորդում է ԲԵԼՏԱ պետական գործակալությունը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ուկրաինացի ազգայնականները ծայրահեղ վտանգավոր սադրանք են իրականացրել՝ հարված հասցնելով Չեռնոբիլի ԱԷԿ-ի էներգամատակարարումն ապահովող օբյեկտներին:
Գործակալության տվյալներով՝ Լուկաշենկոն բելառուս մասնագետներին հանձնարարել է ապահովել Չեռնոբիլի ատոմակայանի էներգամատակարարումը:
«Բայց մենք ինքներս էլ ենք տեսնում, և նրանց տվյալները համընկնում են մեր տվյալների հետ, որ դադարեցվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Չեռնոբիլի կայան։ Դուք էլ եք շատ լավ հասկանում, որ կայանը էլեկտրաէներգիա է արտադրում, բայց նաև սպառում է աշխատելու համար», - ասել է Լուկաշենկոն։
ՌԴ ԶՈւ–ն հատուկ գործողության արդյունքում վերահսկողության տակ է վերցվել Չեռնոբիլի (կոնսերվացված) և Զապորոժիեի (գործող) ԱԷԿ-ի շուրջ տարածքը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։