ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման քննարկման հիմնական թեման հումանիտար հարցերն էին։ Բանակցություններից հետո ասել է Ռուսաստանի նախարար Սերգեյ Լավրովը:
«Այսօր հիմնականում խոսել ենք հումանիտար հարցերի մասին։ Մենք բացատրեցինք, թե մեր զինվորականները ինչ միջոցներ են ձեռնարկում քաղաքացիական անձանց ճակատագրի թեթևացմանը նպաստելու համար, որոնք պատանդի կարգավիճակում են հայտնվել։ Այսպես կոչված «կամավորական գումարտակները», «տարածքային պաշտպանության ուժերը» նրանց որպես կենդանի վահան են օգտագործում, - նշել է Լավրովը։
Ռուսաստանը հաստատել է, որ միջանցքների ամենօրյա բացման նախաձեռնությունը մնում է ուժի մեջ։ Երթուղիները, ժամանակը որոշում են նրանք, ովքեր վերահսկում են իրավիճակը։
Լավրովը հայտնել է, որ իրենք Բելառուսում բանակցությունների ընթացքում իրավաբանական փաստաթղթի տեսքով առաջարկներ են ներկայացրել, ուկրաինական կողմը փաստաթուղթը տարել է Կիև:
«Մենք ցանկանում ենք բելառուսական հարթակում լուրջ բանակցություններ վարել, համաձայնեցնել այն հարցերը, որոնք պետք է լուծվեն ուկրաինական ճգնաժամի համապարփակ կարգավորման շրջանակներում և եվրոպական մայրցամաքում անվտանգության ապահովման համատեքստում՝ հաշվի առնելով առանց բացառության բոլոր երկրները», - ասել է Լավրովը:
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների այսօրվա հանդիպումը կազմակերպվել էր դիվանագիտական համաժողովի շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։