Խրամորթում վիրավորում ստացած տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում. լուսանկար

Գյուղ Արցախում
Ականը պայթել է Խրամորթի բնակչի տան բակում և նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Խրամորթի բնակիչը վիրավորում է ստացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ. ականը պայթել է տան բակում, տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտնել էր, որ Խրամորթի ուղղությամբ թշնամու կրակոցների հետևանքով մեկ քաղաքացիական անձ է վիրավորում ստացել։
«Այսօր` ժամը 10:35-ին, ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթի բնակիչ, 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից վիրավորում է ստացել մեջքի շրջանում: Նա շտապ տեղափոխվել է բուժհաստատություն»,–գրված է հաղորդագրության մեջ։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք` երեկ գիշերը Խրամորթ համայնքում իրավիճակը լարված էր։ Խրամորթի բնակիչներից մեկը Sputnik Արմենիային ասել էր, որ առավոտից մինչև գիշեր ադրբեջանական կողմը կրակում է գյուղի ուղղությամբ։ Բնակելի տներին և մարդկանց վնաս չի եղել, բայց մարդիկ վախեցել են։
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակել էր Խրամորթի ուղղությամբ նաև մարտի 7-ին ու 8-ին։
Հավելենք, որ Խրամորթում 112 ընտանիք է ապրում, այդ թվում՝ Արցախի այլ վայրերից տեղահանվածներ։