Հարությունյանը և Օվերչուկը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցերը

ՌԴ–ում ՀՀ դեսպանություն. Արխիվային լուսանկար
ՌԴ–ում ՀՀ դեսպանը Ռուսաստանի փոխվարչապետի հետ հանդիպման ժամանակ առանձնացրել է այդ երկրի առանձնահատուկ դերը ՀՀ տնտեսական կյանքում, և ոչ միայն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։
Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը։
Զրույցի ընթացքում Օվերչուկը շնորհավորել է Հարությունյանին ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։
Դեսպան էլ շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված համատեղ արդյունավետ աշխատանքի կարևորությունը։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ներառված մի շարք հարցեր, անդրադարձել են ԵԱՏՄ շրջանակներում 2 երկրների միջև համագործակցությանը։
Օվերչուկը գոհունակություն է հայտնել հայ-ռուսական բազմոլորտ համագործակցության ընթացքից՝ ընդգծելով փոխգործակցության ողջ ներուժի զարգացման կարևորությունը։
Բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանը նշել է Ռուսաստանի առանձնահատուկ դերը Հայաստանի տնտեսական կյանքում և տարածաշրջանի առանցքային հարցերում։