Հայաստան–Վրաստան սահմանին երկրաշարժ է եղել

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Այսօր` ժամը 21:26-ին, Հայաստան–Վրաստան սահմանային գոտում` Բավրա բնակավայրից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ բնակավայրերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում, Մեծավան և Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Հիշեցնենք, որ 2022 թվականին Հայաստանի և Վրաստանի սահմանին առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 13-ին։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ: Փետրվարի 14-ի տվյալներով՝ գրանցվել էր 165 հետցնցում։ Վերջինը եղել է փետրվարի 19-ին։