Հայաստանից արաբական աշխարհ կենդանի ոչխարի կամ ոչխարի մսի արտահանումը բավականին կենսունակ և ճիշտ գաղափար է, առավել ևս, որ մահմեդական երկրներում սպառվող մսամթերքի 70 տոկոսը կազմում է հենց ոչխարի միսը, ուստի մեզ համար այդ առումով բացվում են հետաքրքիր հնարավորություններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ այդ գաղափարը դեռ 2008 թվականին ներկայացրել էր ՀՀ գյուղնախարար Արամայիս Գրիգորյանը, որը Իրանի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առաջարկել էր այդ երկրին կենդանի ոչխարներ մատակարարել, ինչը շատ լավ էր ընդունվել և հաջողություն էր ունեցել, քանի որ հաջորդ տարի Հայաստանից արտահանվել էր 186 հազար գլուխ ոչխար։
«Իրանի և արաբական երկրների բնակչությունը գերադասում է սննդակարգում օգտագործել հասակավոր ոչխարի միսը, մինչդեռ հայերը նախընտրում են գառան միսը։ Այդ հանգամանքը հասակավոր կենդանիներ արտահանելու հնարավորություն է ընձեռում։ Հայաստանում տարեկան կտրվածքով ոչխարի քանակը կազմում է 400 հազար գլուխ, և դրա կեսը կարելի է արտահանել։ Բնապահպանական հնարավորություններից ելնելով` ՀՀ–ում օպտիմալ գլխաքանակը պետք է կազմի 1,5 միլիոն ոչխար, ուստի առկա գլխաքանակը դեռ կարող ենք 2-2,5 անգամ ավելացնել, ինչը արոտավայրերը նորմալ օգտագործելու հնարավորություն կտա` առանց բնապահպանական վնաս հասցնելու շրջակա միջավայրին»,– ասաց գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ` արտահանման ծավալների ընդլայնման դեպքում գյուղական բնակչությունը կկարողանա մեծացնել ոչխարի գլխաքանակը, և այդ առումով հեռանկարային են հատկապես Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի ու Արագածոտնի մարզերը, որտեղ հնարավոր է նույնիսկ գլխաքանակն ավելացնել 2-3 անգամ, ինչի արդյունքում իրացման համար նախատեսված քանակը կկազմի մինչև 600 հազար գլուխ ոչխար, որի կեսը կարելի է արտահանել։
Պրոֆեսորը հերքեց լուրերը, թե մեծ քանակով արտահանվում են մայրացու ոչխարներ, ինչը կարող է ազդել գլխաքանակի աճի վրա։ Նրա պնդմամբ` խոսքը խոտանված մայրացու ոչխարների մասին է, որովհետև սովորաբար մայր ոչխարների պահպանման միջին տևողությունը հինգ ծին է, այսինքն` հինգ անգամ ծնելուց հետո ոչխարների մթերատվությունն ընկնում է, և նրանց խոտանում են։ Դրանց թվաքանակը տարեկան հաշվեկշռում կազմում է մոտ 20 տոկոս կամ մոտ 100 հազար հասակավոր ոչխար, ինչն ընդհանուր պոպուլյացիայի վրա չի կարող էական ազդեցություն թողնել։
Հովհաննիսյանի կարծիքով` գլխաքանակի աճը պետք է ապահովվի ինչպես փոքր տնտեսություններում, այնպես էլ ոչխարաբուծական մեծ ֆերմաներում, բայց 70 տոկոսը պետք է կազմեն մանր գյուղացիական տնտեսությունները, որոնցում հնարավոր է պահել մինչև 20 մայր ոչխար, իսկ գառներին իրացնել արտահանման համար։ Նրա խոսքով` դա նաև կլինի եկամտի կայուն աղբյուր հնարավորինս շատ գյուղացիների համար, մինչդեռ շատ տեղերում կան արոտավայրեր, սակայն ընտանիքներում ոչխար չեն պահում։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մարտի 9-ից երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ Կատարի գործընկեր նախարարների և այլ պաշտոնյաների հետ քննարկելու առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները և մասնակցելու Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին, որտեղ Հայաստանը կներկայանա իր ազգային տաղավարով։
Քերոբյանի հավաստմամբ` Կատարի գործարար շրջանակները մասնավորապես հետաքրքրված են ՀՀ–ից ոչխարի մսի արտահանման հնարավորություններով։