Դեպի Ռուսաստան մարդասիրական միակողմանի միջանցքներ կբացվեն. ՊՆ

Ուկրաինայում վտանգավոր գոտիներից արդեն իսկ ավելի քան 187 հազար մարդ է տարհանվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Ռուսական կողմը միակողմանի կարգով ամենօրյա ռեժիմով Ուկրաինայում առավոտյան ժամը 10-ին դեպի Ռուսաստան մարդասիրական միջանցքներ կբացի։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Ուկրաինայի իշխանությունների երեկվա պնդումներին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն չի պահպանում խոստացած «լռության ռեժիմը», ինչպես նաև այն մասին, որ մի շարք բնակավայրերում ավտոշարասյուններ և մարդասիրական բեռներ են արգելափակվել, պատասխանատու ձևով հայտարարում ենք, որ դա հերթական ստոր սուտն է և լկտի սադրանքը պաշտոնական Կիևի կողմից», – ասել է նա։

Միզինցևի խոսքով` անցակետերում իսկապես ստուգվում են մեքենաները, դա արվում է` կանխելու համար խաղաղ բնակիչների քողի ներքո դիվերսիոն խմբերի և ազգայնական գումարտակների զինյալների ներխուժումը ազատագրված տարածքներ։
Գեներալն ընդգծել է, որ առանց Կիևի մասնակցության` վտանգավոր գոտիներից արդեն իսկ ավելի քան 187 հազար մարդ է տարհանվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 15–րդ օրը։