Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն հասել է ՌԴ-ի դեմ ֆինանսական պատժամիջոցների սահմանագծին

Ժոզեպ Բորել. Արխիվային լուսանկար
Զանգվածային պատժամիջոցները, ըստ Բորելի, հանգեցրել են ռուսական արժույթի 40 տոկոսով անկման։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Եվրամիությունը հասել է իր հնարավորությունների սահմանագծին Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների հարցում։ Նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Ինչ վերաբերում է ֆինանսական պատժամիջոցներին, իհարկե, միշտ էլ կարելի է առաջ գնալ, բայց մենք արդեն մոտեցել ենք սահմաններին, թե ինչ կարող ենք անել։ Մենք արել ենք այն ամենը, ինչ կարող էինք», - ասել է Բորելը France info-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ խոսքը զանգվածային պատժամիջոցների մասին է, որոնք հանգեցրել են ռուսական արժույթի 40 տոկոսով անկման։
«Դրանք շատ ծանր պատժամիջոցներ են, որոնք ծանր բեռ են դառնալու ռուսական տնտեսության համար»- ավելացրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Նա նշել է, որ Ռուսաստանի համար ցավոտ են դարձել այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են տնտեսության արդյունաբերական և այլ ոլորտներում բարձր տեխնոլոգիաների արտահանման արգելքին:
Հիշեցնենք՝ Արևմուտքի երկրներն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել։ Մասնավորապես պատժամիջոցների տակ են ընկել ՌԴ մի քանի խոշոր բանկեր, այդ թվում «Սբերբանկն» ու ՎՏԲ–ն։ ԵՄ–ն, ԱՄՆ–ն, Կանադան, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել է օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ բարձր տեխնոլոգիական արտադրանք մատակարարելու համար։
Ռուսաստանը դարձել է այն երկիրը, որի դեմ ամենաշատ պատժամիջոցներն են սահմանվել
ԱՄՆ-ն մարտի 8-ին հայտարարեց Ռուսաստանից նավթի, հեղուկ գազի և ածխի, ինչպես նաև մի շարք նավթամթերքների ներմուծման արգելքի մասին։ Այնուհետև Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ մինչև 2022 թվականի վերջ Ռուսաստանից կդադարեցնի նավթի և նավթամթերքի ներմուծումը։